Էջ:Վերք Հայաստանի 119.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպչիլ: Մեր ոսկորները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դեմ կենան: Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ: Լավ նայեցե՛ք, որ սելերը ղայիմ ըլին: Մեկ դաստեդ գնա գեղի էն կողմը, մեկ՝ էս կողմը. թե կարաք, մեծ ու պստիկ խառը կանգնեցե՛ք, որ թշնամին հենց իմանա, թե մենք շատվոր ենք, ու սիրտ չի՛ անի, մոտանա: Ես իմ դաստովը ճամփի առաջը կկտրեմ. առաջի դուս էկողի ճակատը էս գյուլլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ:

Ղորդ ա, շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երևաց, ծաոա եմ նրա սուրբ զորությունին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը, որտեղ որ ա, կբացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա: Էլ վախտ մե՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք: Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը: Սար ըլեր՝ կհալչեր, էլի մենք՝ հայերս չե՞նք, որ ամեն տեղ անուն ունինք, մեր հավատը ամեն տեղ գոված ա. մեռնի՛մ ձեր արևին, էնպես մեկ քաջություն անենք էսօր, որ աշխարհ ամենայն իմանա: Դե՛, էլե՛ք, Սմբա՛տ, Աշո՛տ, Տի՛գրան, էլե՛ք, ձեր խոքուն (հոգուն) ղուրբան, տեսնիմ, թե ի՞նչպես էսօր ձեր անունի լայաղ ձեր հունարը նշանց կտաք: Էդպես անուն ունեցողը, սար ըլի առաջին, պտի վրովը թռչի. ծով ըլի, պտի ոտնակոխ տա, ո՞ւր մնա էս քյամալսզ, թուլ աջամը, որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք: Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի: Մեր ձեռը որ թուլանա, աստուծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, է՛նքան ա մեր հավատի զորությունը:

Տե՛րտեր ջան, վեր կա՛ց, ամենին էլ սրբություն տո՛ւր. դրա զորությունին ղուրբան. մեռնի՛նք, հոգու փրկություն ա, ապրի՛նք՝ մարմնի առողջություն: Խոստովանության վախտը չի՛. աստված ինքը գիտի, որ մեր սիրտն արդար ա: Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք ու էս ջիվան որդուս պահեցե՛ք: Հինգ որդի ունիմ, իրեք՝ ախպեր, վեց-օխտը՝ ախպոր զավակներ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել: Ամենից ավելի սրան եմ ուզել, սիրել: Ա՜խ, թե գիտենաք՝ սա ի՞նչ ցեղից ա: Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք: Սա մեր քաջ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի արնիցն ա: Երեխա էր, որ հերնըմերը մեռան, ես սրան